Արվեստի դպրոցները շարունակում են պահանջել չանցկացված պարապմունքների գումարները
17.04.2020 | 00:20
Մոտ մեկ շաբաթ առաջ «Իրատեսն» ահազանգել էր, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող արվեստի ու երաժշտական դպրոցների տնօրենները երեխաներից չպարապած դասերի վճարներն են պահանջում: Հրապարակումից մի քանի օր անց մեր խմբագրություն էր զանգահարել մի կին ու անհասկանալի ինչ-որ պահանջներ էր ներկայացնում: Բավական ագրեսիվ տոնայնությամբ խոսող կինը նախ հրաժարվեց ներկայանալ ու ասել՝ ով է, ապա սկսեց սպառնալ, որ եթե չհերքենք մեր հրապարակումը, ապա շատ վատ կլինի մեզ համար: Ավելին՝ «բանը մինչև անգամ մարդասպանության կարող է հասնել»: Մենք իհարկե չպարզեցինք (ցանկություն չունենք), թե ով էր մեզ սպանելու սպառնալիք տվողը, բայց ըստ տրամաբանության՝ երաժշտական կամ արվեստի որևէ դպրոցի տնօրեն կամ ուսուցիչ պետք է լիներ: Մեր ընթերցողների դատին ենք թողնում, թե իրենց երեխաներին կրթող դասատուները կամ տնօրենները, որոնք, ի դեպ, սաներին արվեստի հետ մտերմացնողները պետք է լինեն, կրթական ու բարոյական ինչ նկարագիր կարող են ունենալ: Ինչ վերաբերում է մեր հրապարակած լուրի իսկությանը, ապա կրկնում ու վերահաստատում եմ՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող արվեստի ու երաժշտական դպրոցները մինչ օրս հորդորում, ընդհուպ՝ վախեցնում են ծնողներին՝ մուծել վարձավճարները: «Դասատուն արդեն որերորդ անգամ զանգում ու հորդորում է, որ վճարենք: Հիմա էլ ասում է, որ մինչև մայիս ամսվա վարձը պետք է տանք: Վստահեցնում էր, որ իրենց էլ քաղաքապետարանից են հրահանգել, թե հավաքեն վճարները: Երբ ասացի, որ չմատուցած ծառայության դիմաց ինչու՞ պետք է փող տամ, ուսուցչուհին ասաց, որ չպարապած պարապմունքներն ամռան ամիսներին են լրացնելու: Հետո էլ վախեցրեց, որ եթե վարձը չտանք, երեխան նույն դասարանում կմնա: Բայց ինչ էլ լինի, ես վարձը չեմ մուծելու, որովհետև վստահ չեմ՝ դասերը երբ կվերսկսվեն կամ երեխաները կհասցնե՞ն լրացնել բացթողածը, թե՞ ոչ»,- ահազանգեց մեզ դիմած ծնողներից մեկը:
Հարցի համար պատասխանատու գերատեսչություններին՝ Երևանի քաղաքապետարանին և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կոչ ենք անում օր առաջ զբաղվել այս խնդրով, ու թույլ չտալ, որ ծանր այս ժամանակահատվածում որևէ մեկը պղտոր ջրում ձկներ որսա ու համարձակվի լրատվամիջոցների հետ սպառնալիքի լեզվով խոսել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ